«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, վկայակոչելով Turkish Daily News թերթը, հայտնում է, որ Պոլսո Հայոց պատրիարքարանը հոկտեմբերի 1-ից սկսել է կիրառել նոր կարգ, ըստ որի` այլ կրոն դավանող անձանց հետ հայերի ամուսնությունները այլևս չեն օրհնվում, ինչպես նաև նման դեպքերում թույլ չի տրվում եկեղեցում հարսանեկան արարողություն անցկացնել։
Խառնամուսնությունների դեպքում եկեղեցում հարսանեկան արարողության անցկացումը թույլատրվել էր 2000 թվականին` Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հավանությամբ, սակայն դա հայ համայնքի ներսում բանավեճի պատճառ է դարձել։
«Մենք գործադրում ենք մեր եկեղեցում արդեն գոյություն ունեցող օրենքը։ Ես չեմ ցանկանում, սրանից բացի, որևէ այլ հայտարարություն անել», – թուրքական պարբերականի հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուին ասել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը։