ՀՀ ԿԲ-ն գնաճի սպասումների վերաբերյալ ֆինանսական հատվածի կազմակերպությունների, տնային տնտեսությունների և իրական հատվածի ոչ ֆինանսական կազմակերպությունների շրջանում իրականացրել է 2010թ. չորրորդ եռամսյակի հարցումները:
Ֆինանսական համակարգում չորրորդ եռամսյակի հարցման արդյունքներով, հիմնականում պահպանվել են հետագա 12-ամսյա ժամանակահատվածի համար բարձր գնաճային սպասումները: Այս մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Այսպես, բանկերի շրջանում գերակշռել են 12-ամսյա գնաճի 5.5-8.5% միջակայքը ընտրողները (66.7%), իսկ վարկային կազմակերպությունների գնաճային սպասումները կրկին փոքր-ինչ չափավոր են և գրեթե հավասար են բաշխվել` 5.5-8.5% ու 2.5-5.5% միջակայքերի միջև (39/43%):
«Հարցման արդյունքներն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ տնային տնտեսությունների գնաճային սպասումների վրա չորրորդ եռամսյակում էականորեն ազդել է տարվա երկրորդ կեսից արձանագրված պարենային ապրանքների գերակշռող մասի բարձր գնաճի հանգամանքը: Սպառողական
գների աճ է սպասում 69.6%-ը` նախորդ եռամսյակի 45.4%-ի փոխարեն»,- նշված է այդ հաղորդագրությունում:










































