Գյումրեցի Թամարա Գրիգորյանը արդեն 11 տարի է ավիագործակալությունում է աշխատում ու գիտի, թե երբ է մարդկանց առաջարկում տոմսեր: «Կախված օդանավակայանում վայրէջքի օրերից` տոմսերի գները տատանվում են: Դե ունեմ մշտական հաճախորդներ, որոնց խորհուրդ եմ տալիս 2 օր սպասել ու երկու լումա խնայել, մարդ են, ինչ անեմ…»,- ասում է տիկին Թամարան:
Մշտական չվացուցակով մշտական հաճախորդ է Կառլեն Գալստյանը: Արդեն վեց տարի է, ինչ Մոսկվա է գնում արտագնա աշխատանքի: Պատմում է, որ այնտեղ ամենափափուկ տեղը, որի վրա քնում է, «գիպսագարդոնն է»: Չի դժգոհում աշխատած գումարից: Այնտեղ ավելի շատ է աշխատում, քան Հայաստանում:
Ըստ Ռուսաստանի միգրացիոն դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Կանդեևի. «Վերջին չորս տարում վեց հարյուր ընտանիք`1170 անձով, մեկնել է «Համերկրացիներ» ծրագրով»:
«Մենք բարի նախագիծ ենք մշակել` գործազուրկներին աշխատանքով ենք ապահովվում»,- ասում է Կանդեևը:
Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարի համոզմամբ, իրենք դեմոգրաֆիկ աղետ չեն ստեղծում: «Աղմուկը, որ բարձրացել է, թե իբր մենք միգրացիային նպաստում ենք, չի համապատասխանում իրականությանը»,- ասում է հյուպատոսը:
«Համերկրացիներ» ծրագրում ընդգրկվում են հատկապես այն քաղաքացիները, ում մասնագիտական որակավորումն ու կրթությունը համապատասխանում են ռուսաստանյան գործատուի առաջարկին ու պահանջներին: Շատ քաղաքացիների հատկապես ոգևորում է բնակարան ստանալու հնարավորությունը, սակայն ոմանք կարծում են, որ սա միֆ է: Ոչ մի բնակարան չի տրամադրվում, ուստի նրանք խորհուրդ են տալիս ուսումնասիրել ծրագիրը, հետո միայն վաճառել կահ-կարասին ու բնակարանը: Հայերն, ի դեպ, կարող են «վրացիանալ»: Ընդամենը քսան րոպեում ինտերնետային ծրագրով հարևան պետության քաղաքացի կարող ես դառնալ: Սակայն սա դեռ Գյումրիից ոչ ոք չի փորձել:









































