Ինչպես տեղեկացնում է Today’s Zaman-ը, Թուրքիայի պետնախարար և Եվրամիության հետ բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղըշը ստամբուլահայ Լեո Սուրեն Ալեպլիին առաջարկել է ԵՄ հարցերով փորձագետի պաշտոնը: Առաջարկն արվել է մարտի 1-ին, սակայն Ալեպլին դեռ չի պատասխանել դրան:
Բաղըշը հայտնել է, որ Ալեպլին 2009-ին գրավոր քննություն և հարցազրույց է հանձնել ԵՄ հարցերով Թուրքիայի գլխավոր քարտուղարի գրասենյակում աշխատանքի անցնելու համար, սակայն նույն հաստիքին հավակնող մեկ այլ թեկնածու դիմել է դատարան և շահել դատը: Վճիռը բողոքարկվել է վերադաս դատարանում, որի վճիռը հօգուտ Ալեպլիի է:
«Մենք արդեն կապվել ենք Ալեպլիի հետ, ով շատ լավ ռեզյումե ունի, և առաջարկել պաշտոն զբաղեցնել քարտուղարությունում: Նա առաջիկայում կհայտնի իր որոշման մասին: Մենք տեղյակ չենք եղել թեկնածուների էթնիկ պատկանելության մասին: Ալեպլին չի հիշատակվել որպես հայկական համայնքի ներկայացուցիչ»,- ասել է պետնախարարը:
Լեո Ալեպլին ծնվել է Ստամբուլում 1981-ին, ավարտել է Փաթինսոնի անվան քոլեջը և ներկայումս Լոնդոնի տնտեսական բարձրագույն դպրոցում դոկտորականի պաշտպանության վրա է աշխատում:










































