Վրաստանում այս պահին գործող Սահանադրության համաձայն՝ նախագահն ավելի մեծ իշխանություն ունի, քան ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիան: Հիմնական օրենքում փոփոխությունների՝ ուժի մեջ մտցնելուց հետո խորհրդարանական մեծամասնությունը վարչապետի հետ կդառնա երկրի գլխավոր ուժը, սակայն առայժմ պետության ղեկավարը տեսականորեն դեռ կարող է ռևանշի հասնել և անգամ մրցակիցներին զրկել հաղթանակից՝ ցրելով խորհրդարանը:
Իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար Բիձինա Իվանիշվիլիի բլոկը մտածել է Միխեիլ Սաակաշվիլիի տապալման ծրագիր,- կարծում են Արևմուտքում: Թեպետ նախագահի մրցակցի շանսերն էլ մեծ չեն:
Հաղթած թիմն ակնհայտորեն դիմում է սպառնալիքների և ահաբեկումների, որպեսզի փորձի ավելացնել իր արդյունքերը և խորհրդարանում ստանա 101 տեղ (150-ից): Դրանով նա ճնշող մեծամասնություն կկազմի, ինչը թույլ կտա տապալել նախագահին,- գրում է ֆրանսիական Le Figaro թերթը:
Որպես իր ասածի ապացույց՝ պարբերականի թղթակիցն օրինակ է բերում որոշ ընտրատեղամասերում տեղի ունեցող իրադարձությունները: «Սցենարն ամեն տեղ նույնն է. «Վրացական երազանքի» համախոհները, հայտարարելով, որ խախտումներ են հայտնաբերել իշխանության կուսակցության կողմից, հարձակվում են ընտրական հանձնաժողովների վրա, որոնք դեռ վերջնական արդյունքները չեն ներկայացրել, սպառնում են նրանց կամ ֆիզիկապես ազդում ընտրական հանձնաժողովների անդամների վրա՝ պահանջելով չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները»,- գրում է հոդվածագիրը:
Նշենք, որ եթե անգամ արևմտյան լրագրողների ենթադրությունները «Վրացական երազանքի»՝ խորհրդարանում մեծամասնություն ստանալու մտադրությունների մասին ճիշտ լինեն, ապա անգամ այդ դեպքում Սաակաշվիլիի մրցակիցների շանսերը դրան հասնելու համար շատ չեն:
Վրաստանի 150 տեղանոց խորհրդարանում ընտրում են երկու ցուցակներով: Համամասնական համակարգով բաշխվում է 77 մարդատ, մյուս 73-ը ձևավորվում են մեծամասնկանա համակարգով: Համամասնական քվեարկության արդյունքները հաշված են. «Վրացական երազանքը» հավաքել է 54.85% ձայն, «Ազգային շարժումը»՝ 40.88%։ Արդյունքում Իվանիշվիլիի կոալիցիան ստանում է 44 մանդատ:
Մեծամասնական քվեարկության արդյունքները մշակված են 60%-ով: Այս պահին Իվանիշվիլին խորհրդարանում ստանում է 39 աթոռ, Ազգային շարժումը՝ 34:
Այսպիսով, «Վրացական երազանքը» կարող է խորհրդարանում ունենալ 83 պատգամավոր: Իհարկե, մեծամասնական ցուցակի քվեաթերթիկների 40%-ը դեռ մշակված չէ: Սակայն հնարավո՞ր է արդյոք նույնիսկ մի քանի ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները վերանայելու դեպքում ստանալ ևս 19 մանդատ. դժվար է ասել:
Ավելի վաղ «Վրացական երազանքը» հայտարարում էր, որ հույս ունի ստանալ 90 մանդատ, իսկ առավել լավատեսական մոտեցմամբ՝ անգամ 97: Սակայն սահմանադրական մեծամասնություն ստանալու մասին խոսք անգամ չկար:









































