Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Հասարակական պալատ» շարժումը մտադիր է հոկտեմբերի 13-ին երթ կազմակերպել՝ խորհրդարանի ցրման ու խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման պահանջով: Այդպիսի որոշում է ընդունվել «Հասարակական պալատ» շարժման կոորդինացիոն խորհրդի երեկվա արտահերթ նիստում:
Կոորդինացիոն խորհրդի նախագահ Ադալյաթ Յուսիբովը հայտարարել է, որ ակցիան տեղի կունենա ժամը 16.00-18.00: Ցուցարարները երթով հասնելու են խորհրդարանի շենքի մոտ, ուր և անցկացնելու են իրենց հանրահավաքը: Ակցիայի թույլատրման համար ընդդիմադիրներն այսօր համապատասխան դիմումն ուղարկելու են Բաքվի քաղաքապետարանին:
Յուսիբովի խոսքերով՝ այդ ակցիան կայանալու է՝ անկախ քաղաքապետարանի պատասխանից: Նա հավելել է, որ իշխող կուսակցության պատգամավոր Գյուլյար Ահմեդովայի մասին սկանդալային (ռեկտորին պատգամավոր դարձնելու համար ստանալիք կաշառքի շուրջ սակարկման) տեսանյութի ի հայտ գալը իշխանական բարձր էշելոններում կոռուպցիայի ծաղկման հերթական ապացույցն է:
Յուսիբովն ընդգծել է, որ կաշառքով պատգամավորական մանդատ ստացած անձինք չեն կարող արտահայտել ժողովրդի կամքը, և որ այդպիսի խորհրդարանը չի կարող համարվել լեգիտիմ:









































