Թուրքիայի համար ընդունելի չեն հարևան Սիրիայի հետ պատերազմելու պլանները: Այս մասին Անկարայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք մտադիր չենք պատերազմել, բայց ոչ ոք թող չփորձի մեր համբերությունը»,- նշել է նա:
Նույն օրը Թուրքիայի խորհրդարանը Էրդողանի կառավարությանը մեկ տարի ժամկետով մանդատ էր տրամադրել անդրսահմանային ռազմական օպերացիաների անցկացման համար, այդ թվում Սիրիայի դեմ` պայմանավորված հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած սահմանային միջադեպով:
Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ հոկտեմբերի 3-ի միջադեպը միակը չէ: «Սա առաջին հարձակումը չէր: Նախկինում նման 7 հարձակում է տեղի ունեցել, զոհեր չեն գրանցվել, և մենք համբերություն ենք դրսևորել: Սակայն Ակչակալեում տեղի ունեցածը մենք չենք կարող դիտարկել որպես շարքային»,- հավելել է Էրդողանը:
«Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության օգտին»,- ընդգծել է նախարարը` ասելով, որ Անկարայի դիրքորոշումը ոչ մի դեպքում չի փոխվի:









































