Սոցիալական ապահովության պետական ծառայությունը ներկայումս զբաղված է կենսաթոշակի հաշվարկն ավտոմատացնելու աշխատանքներով: Հարցի տեխնիկական մասը լուծվել է, ենթակառուցվածքներն ստեղծվել են, այժմ ծառայությունը խնդիր ունի կադրերի վերապատրաստման առումով: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ծառայության պետ Արմեն Աբրահամյանը, աշխատակիցները պետք է կարողանան հնարավորինս լավ տիրապետել համակարգին, քանի որ աշխատակիցների մի մասը տարիքով է և նոր մեթոդաբանությանն ու համակարգչին լավ չի տիրապետում:
Նոր համակարգը հնարավորություն կտա կենսաթոշակի տարիքի հասած քաղաքացուն միայն դիմում ներկայացնել ինտեգրված կենտրոնում, որից հետո ամբողջ տեղեկատվությունը հավաքվելու է հարակից տեղեկատվական համակարգերից, նոր համակարգն ինքը ինտելեկտուալ մոդուլի միջոցով որոշում է կայացնելու, և քաղաքացիները տեսուչի հետ հնարավորինս չեն շփվելու:
Հարցին՝ ի՞նչ է լինելու թաքցված աշխատողների և թաքցված աշխատավարձերի հետ, երբ գործատուները չեն գրանցում աշխատողին կամ ամբողջությամբ ցույց չեն տալիս աշխատավարձը, Ա.Աբրահամյանը պատասխանեց, որ իրենք տեսչական գործառույթ չունեն, նաև խնդիր չունեն պարզելու՝ թաքնված աշխատուժ կա՞, թե՞ ոչ:
«Մենք ունենք տեղեկատվական համակարգ, ստանում ենք հաշվետվություններ: Այսօր Հայաստանում կա բաց, որ հաշվետվությունները տալիս են անձնավորված, գումարները տալիս են ՊԵԿ-ին, և այդ կապը մենք համատեղելով պետք է ստուգենք: Երբ երկուսը մի տեղում ստացվեն՝ ՊԵԿ-ը և՛ հաշվետվությունները ստանա, և՛ գումարները, խնդիրը կվերանա: Մյուս կողմից` մենք ունենում ենք խնդիրներ, օրինակ՝ աշխատողն աշխատե՞լ է, թե՞ ոչ: Այս դեպքում առավելագույնը կարող ենք աշխատանքի տեսչությանը, ՊԵԿ-ին դիմել, որ նրանք ստուգում կատարեն, որովհետև մենք լիազորություն չունենք: Կամ էլ աշխատողը փաստաթուղթ պետք է բերի, որ սոցվճար է վճարվել, կամ աշխատավարձ է ստացել: Մենք դրանից ավելի լիազորություն չունենք այս հարցում քաղաքացուն օգնելու»,- ասաց Ա.Աբրահամյանը:
Այն դիտարկմանը ի պատասխան, որ նման պայմաններում, երբ հսկայական չափով աշխատուժ գրանցված չէ, կգա ժամանակ, երբ կենսաթոշակների բեռը զգալիորեն կնվազի, Ա.Աբրահամյանը նշեց, որ աշխատող մարդկանց շահերը պետք է պաշտպանեն, բայց եթե քաղաքացին աշխատել է, ու սոցվճար չի կատարվել, օրենքի առաջ նա իրավունք չունի թոշակի ապահովագրական մասը ստանալու և միայն բազային՝ սոցիալական մասը կստանա՝ առանց ստաժի հավելումների:








































