Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հալեպի Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը տեղեկացրեց, որ Սիրիայի առևտրաարդյունաբերական կենտրոն համարվող Հալեպ քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ այսօր առավոտյան երկու հզոր պայթյուն է որոտացել:
Վերջին օրերին Հալեպից ստացվող տեղեկությունները, թե Սիրիայի բնակչությունը հուսով է, որ բախումները վերջապես կավարտվեն, փաստորեն այսօր ի չիք դարձան:
Նկարագրելով Հալեպում այսօր առավոտյան ստեղծված իրավիճակը՝ Ռայիսյանն ասաց, որ առավոտյան մարդիկ անակնկալի եկան շատ զորավոր երկու մեծ պայթյուններից, որոնք ցնցեցին քաղաքը:
Ռայիսյանի տեղեկացմամբ՝ այդ երկու մեծ պայթյունները տեղի են ունեցել Հալեպի կենտրոնական փոստի մոտ գտնվող հրապարակի հարևանությամբ: Դա, ինչպես ասաց սիրիահայը, Հալեպի հրապարակն է, որը հայտնի է իր եռուզեռով, պանդոկներով, ակումբներով:
«Պայթյունները պատճառել են շատ մեծ նյութական վնասներ և ավերածություններ, մարդկային զոհերը ևս բավական շատ են, թեև նրանց ճշգրիտ թիվն այս պահին դժվար է ասել` վնասների վերաբերյալ պաշտոնական թվեր և տվյալներ դեռևս չեն հրապարակվել:
Քաղաքում շարունակվում են մարդկանց ավերակների տակից հանելու փրկարարական աշխատանքները: Հնարավոր հայ վիրավորների մասին հստակ որևէ բան չեմ կարող ասել, որովհետև հայտնի չէ ոչ վիրավորների, ոչ մահացածների կոնկրետ թիվը: Տեղեկություններ չկան նաև նրանց ինքնությունների վերաբերյալ, սակայն հստակ է, որ նյութական մեծ վնաս է հասցվել, ավերածությունների և կորուստների թիվը մեծ է»,- հայտնեց Ժիրայր Ռայիսյանը:
Նրա խոսքով` փոքր-ինչ ուշ այդ երկու հզոր պայթյուններին հաջորդել են ևս երեք պայթյուններ: Ըստ հալեպահայի՝ երեք պայթյունները միաժամանակ տեղի են ունեցել դարձյալ կենտրոնական հրապարակի մոտ:
Ժիրայր Ռայիսյանի վստահեցմամբ` բնականաբար, քաղաքը խիստ հսկողության տակ է, զգուշավորությունն ամենուրեք է, թեև քաղաքում ընդդիմադիրների հստակ թիվը չգիտեն. կանոնավոր բանակը բավական առաջխաղացումներ է ունեցել և հաջողություններ արձանագրել վերջին օրերին:
Հալեպի Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը տեղեկացրեց նաև, որ երեկ` կեսօրից հետո, օդանավակայանից քաղաք տանող ճանապարհին հայ է վիրավորվել, բայց նրա վիճակը ծանր չէ` գտնվում է բժիշկների հսկողության ներքո:









































