Վրացական «Իվերոնի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին արդեն իսկ սկսել է նոր կառավարություն ձևավորել՝ առանց իր դաշինքի անդամների հետ խորհրդակցության: Այս մասին հայտնել է անանուն վստահելի աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ պլանավորված է Վրաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնում նշանակել Մայա Միմինոշվիլիին, որը ավելի վաղ եղել է Քննական կենտրոնի ղեկավարը: «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան կա՛մ սպասելու է հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին, կա՛մ էլ համաձայնելու է Բիձինա Իվանիշվիլիի առաջարկած ներքին գործերի նախարարի պաշտոնին:
Ենթադրվում է, որ պաշտպանության նախարար է նշանակվելու նախկին օմբուդսմեն Սոզար Սուբարին: Բիձինա Իվանիշվիլիին աջակցելու համար Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեին, ամենայն հավանականությամբ, կառաջարկվի արտգործնախարարի պաշտոնը: Սակայն տվյալ պաշտոնում դիտարկվում է նաև նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը:
Պլանավորված է առողջապահության նախարար նշանակել «Վրացական երազանք» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար, մասնագիտությամբ բժիշկ Դավիթ Սագանելիձեին: Հետագա համագործակցության շարունակման պայմանով՝ փախստականների և միգրացիայի հարցերով նախարարի պաշտոնը կառաջարկվի Կախա Շարտավային:
Իվանիշվիլին կատակել է, թե տարածաշրջանային զարգացման և ենթակառույցների նախարարի պաշտոնում նշանակելու է Միխեիլ Սաակաշվիլիին: Մնացյալ նախարարությունների հարցում դեռ հստակ բան չկա: Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանի ապագա նախագահին, ապա այդ պաշտոնում պլանավորված է նշանակել Վախթանգ Խմալաձեին, որը դաշինքի կուսակցական ցանկում 200-րդն էր:









































