«Առկա միջազգային փորձը ֆինանսական և մոնետար կարգավորումը համատեղում է: Այլ հարց կա՝ զարգացման և կարգավորման: Կարգավորման մեջ շահերի բախում չկա: Զարգացման տեսակետից ասիլիք ունեն կառավարությունը և բիզնեսը: Մենք ավելի շատ կարգավորող ենք»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ԿԲ 2011-ի հաշվետվության քննարկման ժամանակ պատասխանելով պատգամավորներ Հրանտ Բագրատյանի և Արծվիկ Մինասյանի դիտարկումներին, թե ԿԲ-ն չի կարող և՛ կարգավորող, և՛ վերահսկող լինել:
Ն. Երիցյանը նշեց, որ վարկի գինը որոշվում է խնայողություններով, որոնց տոկոսադրույքը 8-10% է: Ըստ նրա ՝ ԿԲ-ն պահպանում է հավասարակշռված տոկոսադրույքը, բոլոր բանկերը կիրառում են դա, և տնտեսական աճի զսպման որևէ գործոն չկա, կա դրամական ճեղքվածք, որը նպատակային է:
Կապիտալի շուկայի զարգացման խոչընդոտների մասին խոսելով՝ Ն. Երիցյանը հայտարարեց, թե դրա զարգացմանը մեծապես վնասել է 1990-ականներին կատարված սեփականաշնորհումը, որի արդյունքում կենտրոնացում է գնացել, և շատ բարդ է իրավիճակը փոխելը:
«Ինչ ասվում է՝ ասվում է կիսատ, սուտ»,- հակադարձեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ աշխարհում ԿԲ-ները կարգավորում են, չեն հսկում բանկային ոլորտը, վարկի գինը միայն խնայողության գինը չէ, նաև վերաֆինասովորման տոկոսադրույքն է:
Իսկ Երիցյանի մեղադրանքին ի պատասխան, թե սեփականաշնորհումն է կենտրոնացման պատճառը, Բագրատյանը հայտարարեց. «Ձեր իշխանական կայքերը նայեք, տեսեք, թե որտեղ է կենտրոնացումը»:








































