Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումների պատասխանատուն հանգիստ խղճով կազատվի աշխատանքից: Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանը:
Նա նշեց, որ ոչ մի բան չի պատրաստվում անել. եթե վարչապետը կարծում է, որ կոռուպցիայի խնդիրը լուծվում է իր պաշտոնանկությամբ, ապա ոչ մի քայլ չի անի: Լրագրողների հարցերին՝ անակնկա՞լ էր, որ ոլորտում կան խնդիրներ, կոռուպցիոն դրսևորումներ, նա պատասխանեց, որ ինքը նման բան չի նկատել:
«Ինձ համար անակնկալ էր Վերահսկողության ծառայության պետի խոսքը, և պարզ չէր , թե ինչ մեթոդաբանությամբ են ստուգումներ իրականացվել. դա անակնկալ էր: Այդ պատճառով պատրաստ չեմ մեկնաբանել: Կոռուպցիոն ռիսկեր կան, իհարկե, մեր երկրում ցանուկացած ոլորտում, բայց որ նման համատարած բնույթ են կրում՝ դա ինձ համար անակնկալ էր և մեծ անակնկալ: Գերադասում եմ չարտահայտվել»,- կարծիք հայտնեց Միշա Վանյանը:
Հաջորդ հարցին, թե՝ այսօ՞ր կազատվի աշխատանքից, նա պատասխանեց՝ այո:
«Ինչ կա որ: Ոչինչ մշտական չէ, ես տասը տարի աշխատում եմ, համակարգ եմ ստեղծել, աշխատել եմ, իրավական ակտերի համահեղինակ եմ եղել, սերնդափոխություն է, նորմալ սերնդափոխության պրոցես է, ինչ կա որ:
Միշտ ստացել ենք բողոքներ, միջոցներ ձեռք են առնվել, և երբևէ դա համատարած չի եղել: Մեղավորներ են պատժվել, ինչպես բոլոր ոլորտներում, մեղավորը պատժվում է իրավապահների միջոցով:
Ես չէ, որ պետք է հիմա իմ աշխատանքը գնահատեմ, բայց հանգիստ խղճով կազատվեմ աշխատանքից»,- ասաց Միշա Վանյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հրավիրված հրատապ խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց, որ իր վերահսկողական ծառայությունն իրեն է զեկուցել ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումների մասին: Խորհրդակցության ընթացքում վարչապետն իր զայրույթն ու մտահոգությունը հայտեց, որ ամեն տարի շուրջ 65-70 հազար մարդ առնչվում է այս խնդրին, որ պետք է հաշմանդամության այս կամ այն աստիճան ստանալու համար բախվի կոռուպցիոն դրսևորումների:
Վարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից պահանջեց անհապաղ, հենց այսօր իրականացնել կադրային փոփոխություններ, աշխատանքից հեռացնել պատասխանատուներին:









































