Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարություն է տարածել՝ կապված հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների հետ.
«ԱՄՆ-ը շնորհավորում է Վրաստանի քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններին խաղաղ և ակտիվ մասնակցելու համար, և կարծում է, որ դա պատմական օր էր բոլոր վրացիների ու Վրաստանի ժողովրդավարական ապագայի համար: Մենք աջակցում ենք դիտորդների գնահատականին, ըստ որի՝ վրաց ժողովուրդն ազատորեն իր կամքն է արտահայտել ընտրություններում:
Մենք իշխանություններին կոչ ենք անում գործընթացն ավարտել թափանցիկ և օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան: ԱՄՆ-ը այժմ բոլոր կողմերին կոչ է անում կառուցողաբար համատեղ աշխատել նոր խորհրդարանում՝ Վրաստանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման համար:
Մենք անհամբերությամբ սպասում ենք նոր խորհրդարանի, ինչպես նաև նախարարների կաբինետի ու Վրաստանի նախագահի հետ համատեղ աշխատանքին՝ հենվելով մեր ամուր հարաբերությունների վրա՝ հանուն վրաց ժողովրդի պայծառ ապագայի»:








































