Տևական հարաբերությունների պատրաստ լինելու դեպքում այն զույգերը, որոնց մոտ սեքսը եղել է դեռ ընկերության կամ նույնիսկ ծանոթության շրջանում, կարող են ոչ պակաս երջանիկ լինել, քան նրանք, ովքեր արդեն միմյանց հետ որոշակի հարաբերություններ ունենալով` «հետաձգում են» սեռական ակտը, գրում է USA Today-ը` հղում անելով Social Science Research-ի օգոստոսյան համարում հրատարակված հոդվածին, որի հեղինակն է Այովայի համալսարանի սոցիոլոգ Էնթոնի Փայքը:
Աշխատանքի հիմքում ընկած է 642 հետերոսեքսուալ զույգերի հարցումը Չիկագոյից: Հարցվածները գնահատել են զույգի հանդեպ իրենց զգացմունքների խորությունը, սեքսուալ բավարարվածության աստիճանը, իրենց համատեղ ապագան և այն փոփոխությունները, որոնք տեղի կունենան իրենց բաժանվելու դեպքում: «Հետազոտությունը ցույց է տալիս, որ… իսկական սեր կարող է ծնվել նաև այն դեպքում, եթե ամեն ինչ սկսվի «Սեքսը մեծ քաղաքում»-ի ոճով»,- պարզաբանել է պրոֆեսոր Փայքը:











































