Օսկանյանական պատմության մեջ, անշուշտ, հետաքրքիր տեղ է զբաղեցնում Ռոբերտ Քոչարյանի գործոնը: Խորհրդարանական ընտրություններից առաջ երկրորդ նախագահը ուրախություն էր հայտնում ԲՀԿ-ի հեղինակության աճի առիթով: Ներկայումս նա երևի թե ավելի ուրախ պետք է լինի, քանի որ Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործի արդյունքում «Բարգավաճ Հայաստանը», կարծես թե, բավական առատ քաղաքական միավորներ է հավաքում: Սակայն, միևնույն ժամանակ, Քոչարյանի համար իհարկե մտահոգիչ է այն հանգամանքը, որ այդ միավորները հավաքվում են իր մերձավոր զինակիցներից և վստահելի անձանցից մեկի՝ Վարդան Օսկանյանի դեմ հալածանքների և հետապնդումների հաշվին: Սա իհարկե կմթագնի Ռոբերտ Քոչարյանի ուրախությունը: Այս առիթով արդեն Ռոբերտ Քոչարյանի խոսնակը հայտարարել է, որ այսօր կլինի երկրորդ նախագահի արձագանքը: Հետաքրքիր է սպասել Ռոբերտ Քոչարյանի արձագանքին:
Երևի թե դժվար կլիներ պատկերացնել, որ Քոչարյանը որևէ կերպ չարձագանքեր Վարդան Օսկանյանի դեմ ծավալված իրադարձություններին: Նրա արձագանքի պատճառները բավական շատ են: Մի կողմից՝ նրանից սպասում են աջակցություն իր մերձավոր զինակից գործիչներից մեկին, և այս աջակցությունը անշուշտ կդիտվի որպես Քոչարյանի կենսունակության ապացույցներից մեկը, հետևաբար՝ բացակայությունն էլ անկենսունակության մի ապացույց է նաև: Սրանից զատ, առկա քննարկումներում էականորեն շոշափվում են Քոչարյանի նախագահության շրջանի անցուդարձերը, հետևաբար, այս մասով էլ երևի թե ասելու բան պետք է ունենա:
Հավանական է, որ Ռոբերտ Քոչարյանը սպասում էր Օսկանյանի հարցով Ազգային ժողովի կայացնելիք որոշմանը, որպեսզի հետո միայն հայտներ դրա վերաբերյալ իր մոտեցումներն ու դիրքորոշումները: Անկասկած, առանձին հետաքրքրության հարց է, թե այստեղ ինչ տեղ, դեր ու նշանակություն կունենա հանրահայտ Սիմբան՝ Քոչարյանի՝ առյուծի անունով շունը: Իր վերջին արձագանքում, որ տվեց Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցի կապակցությամբ, երկրորդ նախագահը բավական թափանցիկ կերպով դժգոհություն էր հայտնել Սերժ Սարգսյանից: Այս պարագայում, նա երևի թե ունի առավել խիստ դժգոհության տեղիք: Եվ գլխավոր ինտրիգը հենց այն է, թե Ռոբերտ Քոչարյանն ինչ կասի Սերժ Սարգսյանին:
Քոչարյանին այլ բան չի մնում, քան ինչ-որ բան ասել կամ ինչ-որ բան անել: Ընդ որում, երևի դեռ արդիական է մնում այլ առիթով մեր առաջ քաշած այն վարկածը, թե գուցե այս ամբողջ պատմության հիմնական նպատակներից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանին որևէ քայլի մղելն է, որը նրա համար կարող է դառնալ քաղաքական հեռանկարի իմաստով ճակատագրական:







































