Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանին Թուրքիայի զինվորականների կողմից արձակված կրակից սպանվել է քրդական ռազմականացված խմբավորման մեկ անդամ, ևս երեքը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված սիրիացի իրավապաշտպանների կենտրոնը:
Ըստ այդ տեղեկության՝ Սիրիայի Հասաքիե մարզում զինվորականները կրակ են բացել ակտիվիստների մի խմբի վրա, որին Անկարան կասկածում է քուրդ զինյալների հետ կապ ունենալու մեջ: Թուրքիայի իշխանությունները Դամասկոսին մեղադրում են Սիրիայի հյուսիս-արևելքում ապաստան գտած ծայրահեղականներին աջակցելու մեջ:
Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում խիստ սրվել են: Սիրիայում տիրող իրավիճակի համար Թուրքիան պատասխանատու է համարում Սիրիայի իշխանություններին, վերջիններս էլ Թուրքիային մեղադրում են իրենց երկրի ներքին գործերին միջամտելու մեջ:











































