Հոկտեմբերի 4-5-ին կկայանա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) ՏՀՏ աշխատանքային խմբի հանդիպում, որը կկազմակերպվի ՍՏՀԿ ՏՀՏ աշխատանքային խմբում Հայաստանի նախագահության շրջանակում: Դրա նպատակն է ներկայացնել Հայաստանի նախագահության 1 տարվա ընթացքում ՍՏՀԿ անդամ-երկրներում ՏՀՏ ոլորտի զարգացումները, ինպես նաև քննարկել հաստատված գործունեության ծրագրի ուղղությամբ տարված աշխատանքների ընթացքը:
Հանդիպման ընթացում կներկայացվեն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից մշակված ՍՏՀԿ աշխատանքային խմբի պորտալը, ՍՏՀԿ ինկուբատորների և տեխնոպարկերի ասոցիացիայի ստեղծման գաղափարը, ՍՏՀԿ-ԱՄՆ համագործակցության ծրագիրը, ինչպես նաև ս.թ. հուլիսին Կորեայի կառավարության կողմից իրականացված սեմինարի արդյունքները:
Կներկայացվի նաև ՁԻՀ-ի, հունական Իներգո տեխնոլոգիական կենտրոնի և ռումինական UBIT ինկուբատորի կողմից իրականացված «Տեխնոլոգիաների փոխանցման ցանց ՍՏՀԿ տարածաշրջանի համար» ծրագրի արդյունքները:
ՁԻՀ-ից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ աշխատանքային խմբի հանդիպման շրջանակում մասնակիցները նաև կայցելեն Դիջիթեք 2012 ՏՀՏ ցուցահանդես:








































