«Հանթսման Բիլդինգ Թրոդաքթս»-ի կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարին ֆինանսական միջոցներ փոխանցելու պահին վերջինիս անձնական հաշվեհամարին եղել է ընդամենը հազար ինն հարյուր դոլար, որը հաշիվ բացելու համար նրան ուղարկվել է իր իսկ կնոջ՝ Նանի Օսկանյանի կողմից: Այս մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարեց այսօր՝ ԱԺ-ում ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը ներկայացնելուն հաջորդած հարցուպատասխանի ժամանակ:
«Եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ Հանթսմանները ֆինանսական միջոցները Օսկանյանին ուղարկել են որպես նվիրատվություն, ապա նա պարտավոր կլինի պետությանը շահութահարկ վճարել»,- նշեց նա:
Հովսեփյանը նաև նշեց, որ առանց ԱԺ համաձայնության՝ Վարդան Օսկանյանը ձերբակալվել կամ կալանավորվել չի կարող: «Որպես պատգամավոր՝ նա որևէ սահմանափակում, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, չի ունենալու: Նրան՝ որպես մեղադրյալի, հնարավորություն է տրվելու ունենալ պաշտպան, օգտվել իր բոլոր հնարավորություններից»,- հավաստիացրեց գլխավոր դատախազը:









































