Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արդեն իսկ քվեարկել է այսօր մեկնարկած խորհրդարանական ընտրություններում: Քվեարկելուց հետո Սաակաշվիլին հայտարարել է.
«Սա Վրաստանի համար պատմական օր է, վճռվում է պետականության ճակատագիրը, որպեսզի Վրաստանն ընթանա առաջ և հետ չվերադառնա անցյալին: Բացարձակապես վստահ եմ, որ մեր ժողովուրդը մշտապես ընդունել է ճիշտ որոշում, և հիմա ես վստահ եմ մեր ժողովրդի իմաստնության ու հեռատեսության մեջ: Ներկայումս տեղի է ունենում մեկ տասնամյակ առաջվա ընտրությունը: Վստահ եմ, որ ընտրություններում կգրանցվի բարձր ակտիվություն, վրաց ժողովուրդը կհաղթի»:
Նշվում է, որ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, որը Վրաստանի քաղաքացի չէ, չի մասնակցելու քվեարկությանը, սակայն կնոջ հետ գալու է ընտրատեղամաս:
Վրաստանի խորհրդարանը բաղկացած է 150 մանդատից: Ընտրություններին մասնակցում է երկու բլոկ և 14 կուսակցություն: Պատգամավորներն ընտրվում են 4 տարով: 77 պատգամավոր ընտրվելու է համամասնական ընտրակարգով, իսկ 73-ը՝ մեծամասնական: Պատգամավորական թեկնածուների ընդհանուր թիվը 2805 է:
Վրաստանում ընտրելու իրավունք ունի 3,613,851 մարդ: Խորհրդարանական ընտրությունները կհամարվեն կայացած, եթե դրանց մասնակցի ընտրելու իրավունք ունեցողների 1/3-ը: Ընտրությունների ընթացքին հետևելու է 61 միջազգային և 50 տեղական կազմակերպություն: Միազգային դիտորդներն իրենց առաջին գնահատականը ներկայացնելու են հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14.30-ին:










































