Թուրքիան և Եգիպտոսը մտադիր են ընդլայնել համագործակցությունը: Նման դիրքորոշում են հնչեցրել երկու երկրների առաջնորդները հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել Թուրքիայում`«Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության համագումարի շրջանակում: Այս մասին հայտնում է France 24-ը:
Արտաքին քաղաքական փոխգործակցության նոր ձևաչափի իրականացման համար կողմերը պայմանավորվել են նոյեմբերին Կահիրեում մասշտաբային կոնֆերանս անցկացնել:
«Նոյեմբերի սկզբին ես մտադիր եմ այցելել Կահիրե`13 նախարարներից կազմված պատվիրակությամբ,- ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մուրսիի հետ զրույցից հետո։- Վստահ եմ, որ այդ հանդիպմամբ կմեկնարկեն շատ կարևոր նվաճումներ»:
Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին մի շարք հայտարարություններ է արել, որոնցում Թուրքիան բնութագրել է որպես իրենց հիմնական գործընկեր: Առևտրային և տնտեսական կապերի զարգացումից բացի, Անկարան և Կահիրեն մտադիր են համագործակցության նոր ձևաչափ կիրառել` Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար:










































