ՀԱԿ-ի նախաձեռնությունը՝ «Մարտի 1»-ի գործով ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ հաջողությամբ չի պսակվի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Մանուկյան-Քլոյանը, անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԱԺ-ում «Մարտի 1»-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:
Ազատուհի Քլոյանն ասաց, որ չի կասկածում ՀԱԿ-ի՝ Մարտի 1-ը բացահայտելու ցանկությանը, բայց մեծ մտավախություն ունի, որ ՀՀ ԱԺ-ն ընթացք չի տա այդ նախաձեռնությանը: Ըստ Գոռ Քլոյանի մոր՝ ինչքան էլ պայքարեն, խորհրդարանի մեծամասնությունը Հանրապետական կուսակցության պատգամավորներն են, ուստի քիչ հավանական է, որ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության առաջարկին, առավել ևս Մարտի 1-ի թեմային ընթացք տան:
«Չեմ կարծում, որ դա Հանրապետականին դուր գա, հուսանք, որ մի գեղեցիկ օր իրենք էլ կսթափվեն: Սա այն դեպքն է, որ ինձ հասկանալը բավական դժվար է, ես առանց որևիցե պատճառի երեխա եմ կորցրել, կերազեի, որ խորհրդարանում նստած յուրաքանչյուր ոք հասկանար այս հարցի կարևորությունը, բայց մեծ սպասելիքներ չունեմ: Ընդունում եմ Ջհանգիրյանի առաջարկը, որ կուսակցությունն էլ նման քայլով հադես գար՝ ողջունելի է մեր կողմից, բայց կասկածս մեծ է: Այս հինգ տարիների ընթացքում այս իշխանության ոչ մի դրական քայլ չենք ստացել: Ակնկալիք էլ չունենք»,- մեկնաբանեց Ազատուհի Քլոյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրել էր, որ առաջիկա օրերին
2008թ. մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնություն է շրջանառության մեջ դնելու:









































