Բալասանյանի և Հայրապետյանի փոխարեն նոր պատգամավորներ կընտրվեն դեկտեմբերի 2-ին: Այսօր ՀՀ ԿԸՀ արտահերթ նիստի օրակարգում երկու հարց էր դրված՝ Երևան քաղաքի թիվ 1 և Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքներում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ նշանակելու, ընտրության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցները:
ԿԸՀ ղեկավար, զեկուցող Տիգրան Մուկուչյանը քվեարկության դրեց օրակարգը, որը հաստատվեց: Նա տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ նախագահի կողմից ստացվել են համապատասխան գրություններ, որոնցից առաջինը սեպտեմբերի 18-ին, որին կից թիվ 4 արձանագրությունը Բալասանյանի պատգամավորական լիազորությունների դադարած լինելու մասին՝ հիմք ունենալով պատգամավորի դիմումը, ԿԸՀ-ում ՀՀ ԱԺ նախագահի կողմից գրություն էր ստացվել նաև սեպտեմբերի 28-ին, որին կից թիվ 5 արձանագրությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները դադարած լինելու մասին, դիմումին կից ներկայացվել է հրաժարականի մասին հայտարարությունը:
Ըստ Տ. Մուկուչյանի՝ նշված պարագայում ԸՕ-ի պահանջներին համապատասխան լրացուցիչ ընտրություններ անցկացվում են մանդատը թափուր մնալուց հետո 80-օրյա ժամկետում:
«Ներկայացվել է որոշման նախագիծ, առաջարկվում է այս ընտրատարածքներում նշանակել մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ դեկտեմբերի 2-ին: Թեկնածուների փաստաթղթերի ներկայացման ժամկետ սահմանել հոկտեմբերի 8-18-ը, իսկ նախընտրական քարոզչության ժամկետ սահմանել նոյեմբերի 4-30-ը»,- ներկայացրեց Տ. Մուկուչյանը: Հարցեր և առաջարկություններ չհնչեցին, որոշումը դրվեց քվեարկության և յոթ կողմ ձայնով ընդունվեց ԿԸՀ կողմից:








































