1917թ. այս օրը Թիֆլիսում բացվեց Արևելահայերի համագումարը` տարբեր կուսակցությունների 203 պատգամավորների մասնակցությամբ (նրանցից 113-ը դաշնակցականներ էին):
Համագումարը քննության առավ արտաքին ու ներքին բնույթի (ինքնապաշտպանության, գաղթականության, պարենավորման և այլն) մի շարք կարևոր խնդիրներ։ Վերջում բազմակուսակցական սկզբունքով ստեղծվեց 15 հոգուց բաղկացած Հայոց (կենտրոնական) ազգային խորհուրդ։ Խորհրդի նախագահ ընտրվեց հասարակական-քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանը։
Հայոց ազգային խորհուրդն ուներ իր բաժինները կամ կոմիսարիատները՝ զինվորական, գաղթականության, դպրոցական, պարենավորման, բժշկական և այլն։ Հայոց ազգային խորհուրդը փաստորեն դարձավ հայ ժողովրդի գերագույն իշխանությունը մինչև Հայաստանի անկախության հռչակումը։
Բացի Թիֆլիսում ստեղծված Հայոց կենտրոնական ազգային խորհրդից, տեղերում նույնպես ստեղծվեցին ազգային խորհուրդներ՝ որպես մասնաճյուղեր և տեղական իշխանություն։ Հայ ազգային խորհուրդներ ստեղծվեցին Բաքվում, Երևանում, Ղարաբաղում, Ախալքալաքում և այլուր։








































