Իսպանիայի իսլամական համայնքների միությունը պատրաստվում է հայց ներկայացնել դատարան տեղի El Jueves պարբերականի դեմ, որն իր շապիկին տպագրել էր Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Շաբաթաթերթի դեմ կկիրառվեն համապատասխան դատական գործընթանց»,- հայտարարել են միության ներկայացուցիչները: Նրանց խոսքերով՝ պարբերականի ղեկավարությունը սխալ է գործել՝ տպագրելով ծաղրանկարները և «չի հասել իր առջև դրած նպատակին՝ զվարճացնել մարդկանց»: «Մենք շարունակում ենք բախվել կրոնական զգացմունքները անհիմն վիրավորելու դեպքերի հետ»,- ասվում է միության տարածած կոմյունիկեում:
Պարբերականի հրապարակած ծաղրանկարում պատկերված է Մուհամմեդ մարգարեն այլ մուսուլմանների հետ, որոնք ոստիկանական բաժանմունքում ճանաչման գործընթաց են անցնում: Իսկ նկարի վրա գրված է. «Ո՞վ գիտի՝ ում է նման Մուհամմեդը»:









































