Թուրքական Sabahթերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի դատախազությունը սկսել է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել Թուրքիայի 8-րդ (1989-1993) նախագահ Թուրգութ Օզալի արտաշիրիմման համար: Դատախազ Քեմալ Չեթինի հրահանգով՝ շուրջօրյա հսկողություն է սահմանվել նախկին նախագահի գերեզմանի մոտ, քանի որ տեղեկատվություն է ստացվել նրա աճյունի առևանգման հնարավորության մասին:
Դատախազը պահանջել է նաև իրեն հանձնել այն միջոցառման տեսանյութը, որին Օզալը մասնակցել է մահվանից մեկ օր առաջ՝ 1993 թվականի ապրիլի 16-ին: Պարզվել է, որ այդ օրը նախկին նախագահին առաջարկված բոլոր ըմպելիքները նախապես ստուգման չեն ենթարկվել: Դատախազությունը ներկայումս պարզում է այդ միջոցառմանը մասնակից 50 հյուրերի ինքնությունը:
Հիշեցնենք, որ Թուրգութ Օզալի ընտանիքը դեմ է արտահայտվել նախկին նախագահի արտաշիրիմմանը:








































