Լոնդոնը ստիպված է եղել գումար վճարել Լիբիայի իշխանություններին` բրիտանացիներին այդ երկրից տարհանելու համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը` ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի ներկայացուցիչների պալատում: Տեղեկացնում է BBC հեռուստաալիքը:
Ըստ այս տեղեկության` Մուամար Քադաֆիին գումար է փոխանցվել այն բանի համար, որպեսզի բրիտանական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներին թույլատրվի վայրէջք կատարել Տրիպոլիում և մյուս քաղաքներում: Վարչապետը նշել է, որ այս վճարումները օդանավակայաններում ձևակերպումների ընթացքը հեշտացնելու համար են կատարվել:
Այն, որ բրիտանացիները վճարել են Լիբիայի իշխանություններին, փետրվարի 25-ին հայտնել էր Sky News հեռուստաալիքը` հղում կատարելով իր սեփական աղբյուրներին:












































