Մարտի 1-ից հետո, այնուամենայնիվ, այս իշխանությունը հնարավորություն ստացավ բարելավելու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը:
Երեք տարին բավական երկար ժամանակահատված է` կառուցվածքային, ինստիտուցիոնալ (Ներսես Երիցյանի ականջը կանչի) լուրջ բարեփոխումների համար: Փորձենք ներկայացնել այն, մեղմ ասած, վնասարարությունները, որոնք Տիգրան Սարգսյանն իր կառավարությունով բերեց մեր երկրի տնտեսության գլխին, ինչպես նաև փորձենք պեղելով գտնել այն դրական փոփոխությունները, որ արվեցին վերջին երեք տարում:
Վնաս համար մեկ: Իր վարչապետ աշխատած տարիներին (կամ 2007թ. համեմատ) Տիգրան Սարգսյանը նվազեցրեց Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ավելի քան 6%-ով: Այսպես, 2008-ին ՀՆԱ աճը կազմեց 6.9%, 2009` -14.4%, 2010թ.` 2.6%: Բարդ տոկոսի բանաձևով, 2007թ. համեմատ, 2010թ. համար ստանում ենք ավելի քան 6% անկում: Միանգամից նշենք, որ ՀՆԱ այս անկումը ոչ մի դեպքում չի կարելի բացատրել համաշխարհային տնտեսական ճգնաժամով` այն իմաստով, որ ճգնաժամի հետևանքով նվազած դրամական հոսքերը լիուլի ու մի բան էլ ավելի փոխհատուցվել են արտաքին վարկերի հաշվին: Այս հանգամանքին կանդրադառնանք ավելի ուշ:
Վնաս համար երկու: Տ.Սարգսյանը նվազեցրեց ՀՀ պետական բյուջեն ավելի քան 13%-ով: 2008թ. երբ նա նշանակվեց վարչապետ, հաստատված բյուջեի եկամուտները 746 մլրդ դրամ էր: 2011թ. համար նա ԱԺ-ով հաստատել տվեց մի բյուջե, որի եկամուտները կազմում են մոտ 850 մլրդ դրամ (աճը 2008-ի համեմատ` մոտ 13%): Այս երեք տարիների գումարային ինֆլյացիան մոտ 26% է, այսինքն` իրականում բյուջեի եկամուտները նվազել են 13%-ով: Սա ևս իշխանությունները իրավունք չունեն բացատրել տնտեսական ճգնաժամով: Սա ևս պայմանավորված է բացառապես իշխանությունների ապաշնորհ տնտեսական քաղաքականությամբ:
Վնաս համար երեք: Տ.Սարգսյանը հենց սկզբից մանր ու միջին բիզնեսի դեմ ակտիվ պայքար սկսեց: 343 խոշոր հարկատուները ավելացրեցին իրենց տեսակարար կշիռը ՀՀ տնտեսության մեջ` պակասեցնելով իրենց տեսակարար կշիռը բյուջե վճարվող հարկերի մեջ: 2009-ին նրանք նվազեցրեցին իրենց կողմից բյուջե վճարվող հարկերի ծավալը 18.6%-ով` այն դեպքում, երբ հարկերի նվազման միջին մակարդակը դրանից քիչ էր նվազել (16%): 2010թ. նրանք ավելացրեցին բյուջե վճարվող հարկերի ծավալը 6.8%-ով` այն դեպքում, երբ բյուջեի հարկային եկամուտներն ու պետական տուրքերը ավելացան ավելի մեծ չափով` 13.7%-ով:
Վնաս համար չորս: Տ.Սարգսյանը նվազեցրեց ՀՆԱ-ի մեջ աշխատավարձի տեսակարար կշիռը` 43%-ից դարձնելով 38%: Սա կենսամակարդակի նվազման ամենակարևոր ցուցանիշներից մեկն է: Զարգացած երկրներում աշխատավարձի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում գերազանցում է 60%-ը:
Վնաս համար հինգ: Տ.Սարգսյանը մեծացրեց արտաքին պետական պարտքը` 2008թ. 1.6 մլրդ դրամից 2010թ. վերջին այն դարձնելով 3.3 մլրդ դոլար: Ըստ ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2011-2013թթ. ռազմավարական ծրագրի` 2012թ. այն կանցնի 4 մլրդ դոլարը: Եվ թեև այս ցուցանիշների մեծացումը ինքնին, ըստ միջազգայնորեն ընդունված սահմանաչափերի, չի գերազանցում թույլատրելի սահմանը, սակայն այդպես էլ անհայտ մնաց, թե ուր կորան այդ վարկերը: Այսպես, որպես մեր ճգնաժամի հիմնական պատճառ իշխանությունը նշում է արտաքին տրանսֆերտների նվազման հանգամանքը: Սակայն ըստ ԿԲ տվյալների` 2009թ. արտաքին տրանսֆերտները, 2008-ի համեմատ, նվազել են 470 մլն դոլարով, իսկ 2010թ. աճել են 70 մլն դոլարով:
Այսինքն` այս վերջին երկու տարվա ընթացքում դրանք նվազել են 400 մլն դոլարով: Կառավարությունը այս տարիներին լրացուցիչ դոլար է մտցրել (վարկերի տեսքով) 1.7 մլրդ դոլարի չափով: Սակայն դրանով հանդերձ, մենք 2009թ. ունեցել ենք 14.4% տնտեսական անկում, իսկ 2010թ.` ընդամենը 2.6% աճ: 1.7 մլրդ դոլարի լրացուցիչ վարկերը ուղղակի փոշիացել են: Եթե Տ.Սարգսյանը ոչինչ չաներ, միայն նստեր ու վերցրած վարկերը բաժաներ ժողովրդին, մենք ոչ միայն անկում չէինք ունենա, այլև լուրջ աճ կունենայինք: Այս հանգամանքը ամենակարևոր փաստարկն է` ընդդեմ իշխանությունների այն արդարացման, թե ճգնաժամի պատճառով են մեր ՀՆԱ-ն ու բյուջեի եկամուտները նվազել:
Եթե դարձյալ որևէ մի անգամ ճգնաժամը պատճառ բերելով վարչապետը (կամ ցանկացած այլ պաշտոնյա) բացատրի ՀՆԱ անկումն ու բյուջեն նվազեցնելը` («մոռանալով» ահռելի վարկերի հանգամանքը), լրագրողներիս այլ բան չի մնում, քան կոշիկը հանել և նրանց գլխին խփել` մեզ հիմարի տեղ դնելու համար:
Վնաս համար վեց: Պաշտոնական տվյալներով 2009թ. ՀՀ-ում աղքատների թիվը ավելացավ 214 հազար մարդով, ծայրահեղ աղքատների թիվը` 65 հազարով: 2010թ. ևս աղքատության մակարդակը, ամենայն հավանականությամբ, հենց պաշտոնական տվյալներով աճ կարձանագրի, քանի որ սոցիալական նպաստների, թոշակների անվանական աճը շատ ավելի ցածր է եղել, քան գնաճը:
Վնաս համար յոթ: Վերջին 13 տարիների ընթացքում առաջին անգամ ՀՀ-ում իրական միջին աշխատավարձը անկում ապրեց: Այս մասին մենք գրել էինք «Ժամանակ»-ի նախորդ համարում: Այդ համարում անդրադարձել էինք նաև այս կառավարության գործունեության կործանարար հետևանքը ամենաշատը բնութագրող ցուցանիշին` արտագաղթի տեմպերին:
Վնաս համար ութ: 2007թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին միգրացիայի բացասական սալդոն (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետություն ժամանածների թվին) կազմել է 3.2 հազար մարդ, 2009թ.` 23.1 հազար մարդ, 2009թ.` 25 հազար մարդ, իսկ 2010թ.` 29.9 հազար մարդ:
Սրանք վարչապետ Տ.Սարգսյանի և իր կառավարության իրականացրած այն հիմնական ավերածություններն են, որ ցանկացած տնտեսագետ կարող է նկատել` անգամ հպանցիկ հայացք գցելով: Սրա կողքին պարզապես ծիծաղելի են այն` քիչ թե շատ դրական փոփոխությունները, որ կատարվեցին: Որքան էլ չարչարվենք փնտրել, դրանք ընդամենը երկուսն են` ամրագոտիների «օպերացիան» և այն համակարգի ներդրումը, որով սերտիֆիկատի հիման վրա ծննդաբերողն ինքն է ընտրում, թե որ հիվանդանոցում ծննդաբերի (սա էլ վերցված է Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրից): Իսկ թե որքանով են այս «օգուտները» էական` վերը նշված ավերածությունների ֆոնին, կարծում ենք ակնհայտ է:
«Ժամանակ» օրաթերթ








































