Նոր հետազոտությունը հաստատել է, որ արյան մեջ շաքարի մակարդակի նորմայի պահպանման համար պետք է սնվել հաճախ և փոքր չափաբաժիններով: Ինչպես պարզել են գիտնականները, պետք է օրական 9 անգամ սնվել՝ ճնշումն ու խոլեստերինի մակարդակը նվազեցնելու և նիհարելու համար: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Լոնդոնի Կայսերական քոլեջի փորձագետները հետևել են Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Չինաստանի և ԱՄՆ-ի ավելի քան 2000 մարդու սննդակարգին: Մասնակիցների կեսը միանման կալորիաներով սնվել է օրական 6 անգամից քիչ, իսկ մյուս մասը՝ ավելի քան 6 անգամ:
Պարզվել է, որ առաջին խմբի մոտ ճնշումը զգալիորեն բարձր է եղել՝ համեմատած մյուսների հետ, ովքեր հաճախ են սնվել, բացի այդ` նրանք նաև քաշի հետ կապված խնդիրներ են ունեցել: Այժմ հետազոտողները ծրագրում են արյան բարձր ճնշում ունեցող 50 հիվանդների մասնակցությամբ հետազոտություն անցկացնել: Մասնակիցները կսնվեն օրական 3 կամ 9 անգամ՝ գնահատելու տարբեր ռեժիմների ազդեցությունը:
Մաստրիխտի համալսարանի գիտնականները կարծում են, որ նույնիսկ օրական 4 անգամ ոչ մեծ չափաբաժիններով սնվելը զգալիորեն արագացնում է նյութափոխանակությունը և նվազեցնում ճարպակալման ռիսկը: Տեսականորեն՝ սննդի հաճախակի ընդունումը կանխում է ճարպաթթուների ներհոսքը: Դրանք միացություններն են, որ հանգեցնում են արտերիաներում ճարպի կուտակմանը՝ արյան մեջ բարձրացնելով խոլեստերինի մակարդակը:












































