Երեկ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի Քանդակների պարտեզում տեղադրվել է ամերիկացի ժամանակակից քանդակագործ Փիթեր Վոյտուկի քանդակներից մեկը՝ «Կիվին»:
«Երկար ժամանակ գտնվելով նյույորքյան Բրոդվեյ թաղամասում ու հիացնելով քաղաքի բնակիչներին՝ այժմ արդեն այն տեղափոխվել է Երևան՝ «Կասկադ» համալիրի քանդակների պարտեզ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի համակարգող Լիլիթ Սոխակյանը: Նրա համոզմամբ՝ քանդակն իր վառ գույնով մեծ ուրախություն ու հաճույք կպարգևի երևանցիներին ու զբոսաշրջիկներին:
«Կիվին» տեղադրվել է կոլումբիացի հայտնի քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի «Կատվի» և սկանդալային «Ծխող կինը» քանդակների հարևանությամբ:
Քանդակագործը ծնվել է 1958թ. ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Սեյթ Փոլ (Saint Paul) քաղաքում, իր արվեստի տեխնիկան կատարելագործել է Քոնեկտիկուտում` քանդակագործ Ֆիլիպ Գրաուսմանի մոտ: Անհատական ցուցադրություններով հանդես է եկել Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Չինաստանում, Թաիլանդում:









































