Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երգիչ և երգահան Սերժ Թանկյանը peta2-ի հետ իր հարցազրույցում խոսել է կենդանիների նկատմամբ բռնության և նրանց պաշտպանության անհրաժեշտության մասին: Ամերիկահայ երաժիշտը մասնավորապես ասել է.
«Նախ և առաջ մենք կենդանիներ ենք: Դա մի բան է, որ մենք միշտ մոռանում ենք. մենք մեր եսասիրության պատճառով կարծում ենք, որ տարբերվում ենք, բայց մենք կենդանիներ ենք։ Մոլորակի վրա կենդանիները հաճախ ենթարկվում են բռնության:
Այնքան շատ կենդանիներ կան ապաստարաններում, որ արդեն երկար ժամանակ է, ինչ այնտեղ են։ Եվ ստացվում է, որ ժամանակի ընթացքում նրանց գրեթե 50 տոկոսը սպանվում է, քանի որ նրանց ոչ ոք չի որդեգրում: Ամոթ է: Մենք ենք ընտելացրել կենդանիներին, և եթե մենք կատարել ենք այդ ընտրությունը, պետք է նաև մեզ վրա վերցնենք կենդանիներին խնամելու պատասխանատվությունը: Ես խորհուրդ եմ տալիս որդեգրել կենդանիներին:
Բոլոր խնդիրները, որոնք ազդեցություն են ունենում մոլորակի վրա ապրող բոլոր կենդանի էակների արդար ու խաղաղ համակեցության վրա, ազդեցություն են ունենում նաև իմ վրա: Ես այդ ամենը դիտում եմ արդարության տեսանկյունից: Անկախ նրանից՝ դա կենդանիների, բնության շահագործում է, թե մարդու իրավունքների ոտնահարում:
Հարկավոր են PETA-ի նման կազմակերպություններ, որոնք կպայքարեն այլ կենդանի տեսակների իրավունքների պաշտպանության համար»:









































