Մեքսիկայի Պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ից պատվիրել է երկու C-130J-30 Super Hercules ռազմատրանսպորտային օդանավ: Այս մասին հաղորդում է Defense Aerospace-ը: Պենտագոնի Ռազմական համագործակցության վարչությունը Կոնգրեսին ծանուցել է հնարավոր գործարքի մասին, որը գնահատվում է 412 մլն դոլար: Թե երբ համաձայնագիր կստորագրվի և թե ինչ ժամկետում օդանավերը կտրամադրվեն պատվիրատուին, չի հաղորդվում:
Օդանավերից բացի՝ Մեքսիկան պատվիրել է տասը AE2100D3 շարժիչ, այդ թվում երկուսը՝ պահուստային, կապի սարքավորումներ, պահեստամասեր, ավիասպասարկման սարքավորումներ:
Հաղորդվում է, որ ամերիկյան կողմը զբաղվում է մեքսիկացի տեխնիկների նախապատրաստմամբ:
Պենտագոնի գնահատականով՝ օդանավերի մատակարարումը չի փոխի հիմնական ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում:
Մեքսիկայի Պաշտպանության նախարարությունը ներկայում զբաղվում է ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային պարկի զարգացման ծրագրի իրականացմամբ: 2011-ի վերջին երկիրը ստացել է C-295 եվրոպական բեռնատար օդանավ, որն արտադրել է Airbus կոնցեռնը:






































