Սեպտեմբերի 25-ին Տալինում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելություն, որին ներկա են եղել Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգույի (խորհրդարանի) նախագահ Էնե Էրգման, Էստոնիայի փոխարտգործնախարարը, կառավարության անդամներ, Էստոնիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, գործարարներ, ակադեմիական շրջանակների, ԶԼՄ-ների և հայ համայնքի ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ընդունելությանը ելույթով հանդես է եկել Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, որը ներկայացրել է պետականաշինության գործում Հայաստանի անցած ճանապարհը, ինչպես նաև անդրադարձել հայ-էստոնական միջպետական հարաբերությունների զարգացման հեռանկարներին:
Ընդունելությանը հնչել են հայկական դասական երաժշտության գործեր` էստոնահայ անվանի դաշնակահար, կոմպոզիտոր Անդրանիկ Չիչեկի կատարմամբ:









































