Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ-ի դպրոցում 13-ամյա դեռահասն ինքնասպան է եղել համադասարանցիների աչքի առաջ, հայտնել է The New York Daily News-ը:
Քեյդ Պաուլոսը վերջ է տվել կյանքին Օկլահոմա նահանգի Սթիլուոթեր քաղաքի միջնակարգ դպրոցի միջանցքում դասերի սկսվելուց առաջ: Դեռահասի հագին եղել է Բեթմեն Երկդեմքանու (Two-Face) մասին պատմող կոմիքսների հերոսի հանդերձանքը, քանի որ այդ օրը դպրոցում սուպերհերոսներին նվիրված միջոցառում պետք է տեղի ունենար:
Ուսուցիչների խոսքով` կրակոցի ժամանակ միջանցքում այլ դպրոցականներ էլ են եղել, նրանցից ոչ ոք չի տուժել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, որը ժամանակավորապես փակել է դպրոցի մուտքը: Ներկայումս ոստիկանները պարզում են, թե որտեղից կարող էր դեռահասի մոտ զենք հայտնվել:
Տղայի որոշ համադասարանցիների կարծիքով` հնարավոր է` նա ինքնասպան է եղել ուրիշ երեխաների կողմից ծաղրի ենթարկվելու համար: Facebook-ի էջում, որը նվիրված է մահացած տղային, դպրոցականներից մեկը գրել է. «Հուսով եմ` հիմա մարդիկ կհասկանան, որ ծաղրն անընդունելի է: Մենք գիտենք, թե դու ինչու ես ստիպված եղել ապրել»:
Դպրոցի տեսուչի խոսքով` տղան ուսման հարցում խնդիրներ չի ունեցել:










































