Թուրքական Dünya Bülteni լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիան այսօր սկսել է ռազմական տեխնիկա կուտակել Իրաքի սահմանի մոտ՝ Հաքքարիի նահանգի Չուքուրջա շրջանում: Խոսքը զրահամեքենաների, մարտական ուղղաթիռների և էլեկտրոնային սարքավորումների մասին է:
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի տվյալներով՝ Թուրքիան օպերացիա է անցկացնելու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ:
Անգամ նշվում է օպերացիայի անվանումը՝ «Աշնանային մաքրում»: Անդրսահմանային օպերացիաների անցկացման ժամկետը սպառվում է հոկտեմբերի 17-ին: Ակնկալվում է, որ մինչ այդ Թուրքիայի խորհրդարանը ևս մեկ տարով կերկարաձգի անդրսահմանային օպերացիաների անցկացման մանդատը, որը տարածվում է նաև Հյուսիսային Իրաքի վրա:
Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանի անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իսքենդեր Վիթվիթը հայտարարել է, որ իրենք կկործանեն թուրքական յուրաքանչյուր ինքնաթիռ, որն օպերացիա անցկացնելու նպատակով կներթափանցի Իրաքի օդային տիրույթ:








































