Ճապոնական խոշոր Toyota, Nissan և Honda կորպորացիաները կրճատում են մեքենաների արտադրությունը չինական շուկայի համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` հղում անելով ճապոնական մամուլին:
Զանգվածային հակաճապոնական ցույցերից հետո, որոնք անցկացվել են Չինաստանում ավելի քան մեկ շաբաթ, ճապոնական արտադրության ավտոմեքենաների պահանջարկը գգալիորեն նվազել է: Միայն օգոստոսին Toyota-ն և Nissan-ը վաճառել են նախատեսվածից 20 հազար ավտոմեքենա քիչ:
Չինաստանի տարածքում գտնվող բազմաթիվ ձեռնարկություններում, որտեղ մեքենաների արտադրությունն իրականացվել է շուրջօրյա, Toyota-ն և Nissan-ը պահպանել են միայն ցերեկային աշխատանքը: Honda-ն մտադիր է նույն կերպ վարվել:
Երեքշաբթի Toyota ճապոնական կոնցեռնն արդեն հայտարարել է չինական շուկայի համար իր արտադրությունը կրճատելու մասին: Հաղորդվել է, որ կրճատման տակ կհայտնվեն մոդելները, որոնք թողարկվում են Lexus լյուքսային բրենդի ներքո`Այթի և Ֆուկուոկա ճապոնական պրեֆեկտուրաների գործարաններում:
Toyota-ի 9 ձեռնարկություն սեպտեմբերի 24-ին վերսկսել է աշխատանքը: Դրանք մյուս ավտոարտադրողների տասնյակ գործարանների հետ ժամանակավորապես կասեցրել էին աշխատանքը սեպտեմբերի 17-ին` զանգվածային ցույցերի պատճառով:
Նշենք, որ էլեկտրոնիկա արտադրող Panasonic ընկերության գործարանը Ցինդաո քաղաքում թալանվել էր և մասամբ հրդեհվել: Քաղաքում ցուցարարները հրդեհել էին նաև Toyota-ի դիլերական կենտրոնը:









































