Երեկ կեսօրին Երևանի Նոր Նորքի Սաֆարյան 4 շենքի բնակարաններից մեկից բղավոցներ ու բարձր լաց է լսվել: Երբ հարևանները հետաքրքրվել են, թե ինչ է կատարվում, պարզվել է, որ քիչ առաջ ԼՂՀ Մարտակերտի զորամասերից մեկում սպանվել է ընտանիքի որդին` 20-ամյա Վաղինակ Բաղդասարյանը, որն ընդամենը ութ ամսից պետք է զորացրվեր և տուն վերադառնար: Ընտանիքի հարազատները «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել են, որ զորամասից ծնողներին հայտնել են, թե տղային սպանել է հակառակորդը, զինծառայողը մի խրամատից մյուս խրամատ անցնելիս է եղել, երբ հակառակորդը թիկունքից գնդակահարել է նրան: «Բայց իրանք համոզված են, որ նման բան չկա, որ տղայի սպանությունն այլ պատճառներ ունի»,- երեկ «ՀԺ»-ի թղթակցին ասել է ընտանիքի բարեկամներից մեկը, նշելով, որ այդքանով հանդերձ` ծնողները չեն հայտնում իրենց այդ կասկածների հիմքերը:
Վաղինակն ընտանիքի միջնեկ զավակն էր, ունի եղբայր և քույր: Զինծառայողի մահվան հանգամանքների մասին երեկ թերթի թղթակիցը հարցեր է ուղղել ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանին, որը, սակայն, ասել է, որ ինքն արձակուրդում է և որևէ բանի մասին տեղեկություն չունի: Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ: Ըստ այդմ, երեկ` ժամը 11:30-ի սահմաններում «N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների` հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մարմնական վնասվածք է ստացել և տեղում մահացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանը»: ՊՆ-ից հայտնեցին նաև, որ սպանության փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ 3-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (սպանություն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն: Բացի այդ, կատարվել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:









































