Երեկ Եգիպտոսի ժամանակավոր զինվորական իշխանությունը հանդիպում է ունեցել ընդդիմության մի շարք առանցքային դեմքերի հետ, որոնց թվում են եղել ՄԱԳԱՏԵ-ի նախկին ղեկավար Մուհամադ Ալ-Բարադեին և Արաբական երկրների լիգա կազմակերպության գլխավոր քարտուղար Ամր Մուսան:
Զինվորականները ընդդիմությանը ներկայացրել են բարեփոխումների ընթացքը, քննարկել ապագա ընտրությունների անցկացման կարգը, նախագահի պաշտոնավարման ժամկետի կրճատումը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Հիշեցնենք, որ Ալ-Բարադեին Եգիպտոս էր ժամանել բախումների հենց սկզբում և հայտարարել ընդդիմության կողքին կանգնելու մասին:
Ամր Մուսան, որը երկար տարիներ գլխավորել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը, նույնպես հայտնել է նախագահական իր հավակնությունների մասին:









































