«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին ի վիճակի է մասնակցել «Նյուքասլ»-ի հետ` Լիգայի Գավաթի խաղարկության հանդիպմանը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվողը ապաքինվել է «Ֆուլհեմ»-ի հետ խաղում ստացած վնասվածքից, սակայն թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը դեռևս չի որոշել, թե ֆուտբոլիստը երբ դուրս կգա խաղադաշտ: Հավանական է, որ ապաքինվելուց հետո առաջին անգամ Ռունին կխաղա «Տոտենհեմ»-ի հետ շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը:
Ռունին արդեն բաց է թողել Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայացած «Սաութհեմփթոն»-ի, «Ուիգան»-ի և «Ֆուլհեմ»-ի դեմ հանդիպումները, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի «Գալաթասարայ»-ի հետ խաղը: Ֆուտբոլիստը չի մասնակցել նաև Անգլիայի ընտրանու Մոլդովայի և Ուկրաինայի հավաքականների հետ հանդիպումներին:


































