Ճապոնական նավերին հաջողվել է հաղթանակ տանել Թայվանի հետ ծովային մարտում, որը սկսվել էր վիճելի Սենկակու կղզիների պատճառով: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ճապոնական NHK հեռուստաալիքին, ճապոնական նավերին հաջողվել է հետ մղել վիճելի կղզիների տարածք մտած Թայվանի նավատորմը:
Սենկակու կղզիների մոտ թայվանական շուրջ 58 նավերը երևացել էին այսօր առավոտյան: Չնայած Ճապոնիայի առափնյա պաշտպանության նախազգուշացմանը, դրանք փորձել էին մտնել այդ շրջանի ամենամեծ կղզին՝ դրանով իրենց իրավունքները հաստատելով կղզու վրա:
Ի պատասխան՝ ճապոնական պարեկային նավերը կիրառել են հզոր ջրային թնդանոթներ, որին թայվանական կողմը նույն կերպ է պատասխանել: Մի քանի ժամ անց ճապոնացիներին այնուամենայնիվ հաջողվել է հաղթանակ տանել ծովային մարտում: Արդյունքում Ճապոնիայի տարածքայն ջրեր մտած նավերը ստիպված են եղել լքել Սենկակուի հարակից տարածքները:
Նշվում է, որ մարտի ողջ ընթացքում կղզու մոտ բաց ջրերում եղել է 5 չինական պարեկային նավեր, որոնք հետևել են իրավիճակին, բայց չեն միջամտել:








































