Հունիսի 17-ին Վարդգես Գասպարին Դեմիրճյան փողոցի ԱԺ մուտքի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել «Հարսնաքարում» տեղի ունեցածի հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով, նրան մոտեցել էր Սամվել Ալեքսանյանը և խլել «Ռուբեն Հայրապետյան՝ մարդասպան» բովանդակությամբ պաստառը: Ինչին Գասպարին հակադարձել էր` «խուլիգան-խուլիգան» բացականչելով: Այնուհետև Ալեքսանյանի հետ եղող անձը հարվածել էր Գասպարիին և տապալել գետնին:
Եվ ահա, երեկ Facebook սոցցանցում քննարկվում էր ԱԺ էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի երեկվա որոշումը` վարույթ ընդունելու Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիի դիմում-բողոքը՝ կապված պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վարքագծի հետ: Ֆեյսբուքցիները հիմնականում կատակում են, հանձնաժողովը պարզելու է, որ մեղավորը ոչ թե Ալեքսանյանն է, այլ Գասպարին: «Խեղճ Գասպարի, տեսնես քանի տարի կտան նրան»,- գրում են քննարկման մասնակիցները: Հանձնաժողովի անդամների մեծ մասն իշխանության ներկայացուցիչներ են, չնայած որ նախագահը ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն է: Այն առաջիկայում կսկսի հարցի քննությունը և որոշում կկայացնի մեկ ամսում:











































