«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը այդ երկրում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան ասել է, որ հիմնվելով անձնական փորձառության վրա, որ ձեռք է բերել բանակցային գործընթացում անմիջականորեն ներգրավված լինելու ընթացքում, նաև այն, ինչին ականատես է դառնում այսօր` որպես կողմնակի դիտորդ, իրեն թույլ են տալիս պնդելու, որ զգալի առաջընթաց է արձանագրվել:
«Եթե մենք հետադարձ հայացք ենք ձգում, թե ինչ վիճակում էր բանակցային պրոցեսը 2004-ին կամ 2005-ին, ապա տեսնում ենք, որ այն ժամանակ բանակցային գործընթաց ընդհանրապես գոյություն չուներ: Բանակցությունները պարզապես կանգ էին առել: Դրանից ի վեր մի շարք կառուցողական և հուսադրող գաղափարներ են մշակվել: Այժմ պետք է մի փոքր էլ աշխատել Մադրիդյան սկզբունքների վրա: Կարող եմ ասել միայն, որ առաջընթաց եղել է և այժմ էլ այդ առաջընթացն արձանագրվում է», – ասել է Բրայզան:
«Մենք փակուղում չենք, և դրա ապացույցը նաև համանախագահների վերջին հայտարարությունն են, որոնցում նրանք ասում են, թե վերջին հանդիպումների ընթացքում ևս առաջընթաց է գրանցվել», – նշել է Բրայզան:









































