Standard & Poor’s (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք առաջատար տնտեսությունների ՀՆԱ աճի կանխատեսումը:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, նման որոշում է կայացվել երեք գործոն դիմագրավելու նպատակով. Չինաստանում աճի տեմպերի անկում, եվրոգոտում ընթացիկ խնդիրներ, ԱՄՆ-ի թուլացող տնտեսական վերելք: S&P-ն նվազեցրել է Չինաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի, Սինգապուրի, Թայվանի, Հոնկոնգի և Ավստրալիայի կանխատեսումները:
Երկրների ցուցիչները նվազեցվել են 0.5-1 տոկոսային կետով: Վերջին հաշվարկների համաձայն՝ Չինաստանի ՀՆԱ-ն կաճի 7.5, Ճապոնիայինը՝ 2, Հարավային Կորեայինը՝ 2.5, Սինգապուրինը՝ 2.1 և Թայվանինը՝ 1.9 տոկոսով:
Գործակալության վերլուծաբան Էնդրյու Փալմերն ասել է, որ տարածաշրջանի երկրներում վարկային պայմանները մնում են ոչ միանշանակ: Նրա խոսքերով՝ եվրոգոտում տնտեսական պայմանների ցանկացած վատթարացում կավելացնի Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջան եվրոճգնաժամի տեղափոխման վտանգը:









































