Մեկ ամիս առաջ Սյունիքի մարզպետը, հանդիպելով դեղատների տնօրենների հետ, հորդորել էր հնարավորինս իջեցնել դեղորայքի գները։
Այդ ժամանակ դեղագործները նշեցին, որ նախ դրա համար առնավազն մեկ ամիս է պետք, հետո էլ ներկրող ընկերությունները պետք է փոխեն իրենց գնացուցակը։
Հիմնականում Սյունիքի դեղատներին «Ալֆա ֆարմ» ու «Նատալի ֆարմ» կազմակերպություններն են դեղորայք մատակարարում։
Այսօր պարզեցինք, որ դեղերի գները մի քիչ իջել են։ Օրինակ` սրտային հիվանդությունների համար նախատեսված «Կոնկոր» դեղահաբերի տուփը 4300-ից դարձել է 4100դրամ։
«Ֆիլդ Ֆարմ» դեղատան դեղագետ Ֆիրդուսի Վարդանյանի խոսքով, մոտավորապես 10 տոկոսով գները նվազել են։
«Դա արել ենք մեր հաշվին։ Ներկրողները ոչ մի փոփոխություն համարյա չեն արել։ Ու հետո` կարևորը, որ շուկայում մնանք, գնորդ ունենանք»,-ասում է դեղագետը։
Իհարկե, սա վերաբերում է որոշ դեղամիջոցների միայն։
Գնորդների խոսքով, միայն նվազել են առաջին անհրաժեշտության ցավազրկող, ինչու չէ նաև ոչ թանկարժեք դեղերի գները։ Աշխեն տատը այստեղից է իրեն պետքական դեղերը գնում։ Սպասարկումից դժգոհ չէ, ասում է. «Բժշկից էլ լավ են բացատրում, ոնց օգտագործեմ դեղը»։
Բայց կենսաթոշակառու կինը դեղերի արժեքից է բողոքում։ «Պախ, պախ, 5000 հազար դրամ դեղը 4800 ա տռալ, ես չեմ տուք ըք, հինչ ա փոխվալ ասեք»,-ասաց նա մեզ։
Տատի խոսքով, մնում է միայն առողջ լինել, որ գոնե այլ ապրանքների գնաճին հնարավոր լինի դիմանալ։






































