Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 22-ին ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ների և Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի ներկայացուցիչներ թվով չորրորդ դիտարկումն են անցկացրել Բաքվի մամուլի կրպակներում:
Դիտարկման արդյունքները վկայել են, որ, նախկինի նման, թերթերը մամուլի կրպակներ են հասցվում սահմանափակ քանակությամբ: Դա մասնավորապես վերաբերում է անկախ ու ընդդիմադիր թերթերին, ինչպիսիք են «Ազադլըղ», «Ենի Մուսավաթ» և «Զերկալո» թերթերը: Այս թերթերից մամուլի կրպակներ են հասցվում ընդամենը 2-5 օրինակ, որոնք կրպակների մեծ մասում սպառված են լինում ժամը 10.00-ի դրությամբ:
Այդ կապակցությամբ Մեդիայի իրավունքների ինստիտուտը ձեռնամուխ է եղել Բաքվի քաղաքապետարանի դեմ դատական հայց ներկայացնելու նախապատրաստական աշխատանքներին: Դա աջակցություն է ստացել շահագրգիռ ԶԼՄ-ների ու լրագրողական կազմակերպությունների կողմից:









































