Ամերիկյան The Washington Post թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն անդրադարձել է սիրիական ճգնաժամի կարգավորմանը. «Թուրքիան կարծում է, որ Սիրիայի վերաբերյալ միջազգային հանրության բոլոր որոշումները պետք է ընդունվեն ՄԱԿ ԱԽ-ի համաձայնությամբ: Դրա համար էլ սիրիական ճգնաժամի կարգավորումը շատ բանով կախված է լինելու Ռուսաստանի ու Չինաստանի հետագա դիրքորոշումից, որոնք հանդիսանում են ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ:
Թուրքիային սահմանակից Սիրիայի շրջաններում ոչ թռիչքային գոտու ստեղծումը նույնպես կապված է ՄԱԿ ԱԽ-ի որոշման հետ: Մենք չենք ցանկանում հայտնվել ծուղակում և որևէ բան ձեռնարկել առանց ՄԱԿ ԱԽ-ի հավանության: Ես չգիտեմ ոչ թռիչքային գոտու ստեղծման հարցում Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշումը, որոնք ավելի վաղ արգելափակել են Սիրիայի վերաբերյալ մի շարք բանաձևեր:
Թուրքիան չի պլանավորել զենքի մատակարարման ուղիղ աջակցություն ցուցաբերել սիրիացի ապստամբներին և շարունակում է միայն «լոգիստիկ աջակցություն» ցուցաբերել նրանց, ինչպես նաև սննդամթերք ու դեղորայք մատակարարել սիրիացի փախստականներին: Ինչ վերաբերում է Սիրիայի ապագային, ապա, վաղ թե ուշ, նախագահ Բաշար Ալ-Ասադը կզրկվի իր իշխանությունից: Նրա ռեժիմը կդադարի գոյություն ունենալուց: Սիրիայում իշխանափոխության հնարավորությունը կախված կլինի նաև Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշումից»:








































