Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդի նախկին կամերդիներ Պաոլո Գաբրիելի նկատմամբ դատական գործընթացը լուսաբանելու է ընդամենը 8 լրագրող: Նա մեղադրվում է կաթոլիկների հոգևոր առաջնորդի բնակարանից գաղտնի տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի, ինչպես նաև որոշ արժեքավոր իրեր գողանալու մեջ:
Առաջին նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 09.30-ին, որի ժամանակ լրատվամիջոցներին արգելվելու են բոլոր տեսակի ձայնագրումները: Թե որ լրատվամիջոցների ներկայացուցիչներն են ներկա լինելու, դեռևս հայտնի չէ:
Բացի երեք դատավորներից՝ դատին ներկա են լինելու նաև արդարադատության պաշտպան պրոֆեսոր Նիկոլա Պիկարդին և քննիչ Պյերո Անտոնիո Բոնետտան, ինչպես նաև դատապարտյալ Պաոլո Գաբրիելը և Վատիկանի պետական քարտուղարության ծրագրավորող Կլաուդիո Շարպելլետին, ով ևս մեղադրվում է այս գործի մեջ:
Մեղադրյալների փաստաբանները կարող են միջնորդությամբ դիմել դատարան` վկաներ կանչելու համար:
Հիշեցնենք, որ Գաբրիելը ձերբակալվել է մայիսի 23-ին իր բնակարանում, որտեղ ապրում էր կնոջ և երեք զավակների հետ:
Եթե Հռոմի Պապի նախկին կամերդիները մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է 8 տարվա ազատազրկում:








































