Իսրայելի կառավարությունը այսօր կայանալիք նիստում մտադիր է հաստատել մի շարք միջոցառումներ` ուղղված Պաղեստինյան ինքնավարությունում տնտեսական իրավիճակի կայունացմանը: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
Ըստ այդ ծրագրերի` նախատեսվում է ավելացնել աշխատանքի թույլտվությունների քվոտան` Իսրայել թողնելով հավելյալ 5000 պաղեստինցի աշխատողների: Կառավարությունը նաև արտահերթ կսկսի տնտեսական համաձայնագրի առաջին փուլը` Ռամալլային թույլ տալով ինքնուրույն գանձել հարկերը` ավելացված արժեքի հարկն ու իսրայելական նավահանգիստների միջոցով ինքնավարություն ներմուծվող ապրանքների մաքսերը: Այդ համաձայնագիրը ամռանը կնքվել էր Պաղեստինի վարչապետ Սալամ Ֆայադի և Իսրայելի ֆինանսների նախարար Յուվալ Շտայնիցի միջև:
Բացի այդ, կքննարկվի Իսրայելից Պաղեստին վառելիքատար խողովակաշարի կառուցումն արագացնելու հնարավորությունը:
Ինչպես նշվում է, պաղեստինյան տնտեսության ամրապնդմանն ուղղած բոլոր քայլերը ձեռնարկվում են անվտանգության համակարգի հետ համաձայնեցումից հետո:








































