«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ խորհրդարանում աշխատանքային բավականին անհարմար վիճակ է ստեղծվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համար: Բանն այնն է, որ ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ նշանակվեց նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Հայտնի է, որ Հ. Աբրահամյանը և Վ. Դալլաքյանը երկար ժամանակ ունեցել են լարված հարաբերություններ: Իսկ այժմ, որոշ տեղեկությունների համաձայն, Վ. Դալլաքյանն պետք է հետևի Հ. Աբրահամյանի գործունեությանը և ամենայն մանրամասնորեն զեկուցի նախագահ Սերժ Սարգսյանին:
Հիշեցնենք, որ վերջինս ոչ միայն նշանակվեց ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ, այլ զուգահեռ նշանակվեց նախագահականի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ գրեթե նույն վերահսկողական լիազորություններով է ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվել Գուրգեն Դումանյանը: Եվ կարծիք կա, որ Վ. Դալլաքյանը պետք է վերահսկի, թե Հ. Աբրահամյանն ինչպես է կարգավորում ԱԺ-ում օրենսդրական գործունեությունը: Իսկ Գ. Դումանյանն էլ պետք է վերահսկի ֆինանսական ծախսերը: Անցած տարի, երբ Հ. Աբրահամյանը պաշտոնանկ արվեց, տեղեկություններ հրապարակվեցին, թե նա չարաշահումներ է արել: Եվ այժմ նախագահականից որոշել են Հ. Աբրահամյանի վրա թե՛ ֆինանսական ոլորտում, թե՛ օրենսդրական ոլորտում վերահսկիչներ նշանակել:
Լուսանկարը՝ Bravo.am-ի









































