Չնայած Մերձավոր Արևելքում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը ձախողվում է, սակայն այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ Կովկասում, այն շարունակում է իր պտուղները տալ, գրում է inosmi.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան World Politics Review-ն:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից հայտարարվող «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքը դարձել է թուրքական արտաքին քաղաքականության հիմքը: Այն նպաստել է տարածաշրջանային համագործակցությանը և արդարացրել առավել «անկախ» կուրսը: Շատ հարաբերություններում «զրո խնդիր» ռազմավարությունը իրեն արդարացրել է հատկապես Կովկասում, որը վաղեմի համախոհ Ադրբեջանի և սիրալիր Վրաստանի շնորհիվ անկայունությունների օջախից Թուրքիայի համար վերածվել է ազդեցության գոտու:
Փրինսթոնի համալսարանի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով մասնագետ Մայքլ Ռեյնոլդսի կարծիքով՝ Կովկասը Թուրքիայի համար շարունակում է իր և Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական կարևոր բուֆերի դեր խաղալ: Այս համատեքստում Վրաստանը Թուրքիայի միակ գործընկերն է:










































