Կիպրոսի «Ազատ խոսք» համացանցային թերթի խմբագիր Երան Գույումճյանն անդրադարձել է ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին: Նրա խոսքով՝ այսօր ամեն ինչից անկախ ամեն հայ ուրախանում է Հայաստանի Հանրապետության գոյությամբ, որը վաղվա մեր հույսի ու երազների իրականացման երաշխիքն է:
Ըստ նրա՝ Արարատի հովանու ներքո է, որ կերտվում է հայոց պատմությունը և ոչ թե սփյուռքի լպրծուն մայթերի վրա:
Բայց անկախությունը լիարժեք տոնելուն, ըստ նրա, խանգարում է արտագաղթը, մեր երկրից ներս դեռևս չկայացած պետականությունը, այնտեղ տիրող փտախտը, անարդարությունը:
«Տակավին՝ ազգային-հոգևոր-բարոյական-մշակութային արժեհամակարգի բացակայությունը՝ ի վերջո, ազգային պետականության բուն նպատակը պետք է լինի մեր ազգային ինքնության, հայ մշակույթի պահպանումն ու զարգացումը»,- ասել է Երան Գույումճյանը՝ հավելելով, սակայն, որ այսօր ուրախության օր է բոլոր հայերի համար, քանի որ Հայաստանի Հանրապետության գոյության փաստն իսկ հուսադրում է մեզ, որ դեռ քայլ առ քայլ պիտի կայանա մեր բոլորի երազում տեսած Հայաստանը:
Մեր երազն է ունենալ այնպիսի հանրապետություն, որտեղ կգերիշխի օրենքը՝ բոլորի համար անխտիր, ուր կտիրեն արդարությունը, մարդկային իրավունքները, ուր ազգային գաղափարախոսության և արժեքային համակարգի վրա հիմնված կլինի ՀՀ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը:







































